Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Զուրաբիշվիլին հանդիպել է Ալիևի հետ
Բաքվում մեկնարկել է Վրաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը: Օդանավակայանում Վրաստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը, երկու երկրներում հավատարմագրված դեսպաններն ու ուղեկցել նրան նախագահի նստավայր:
Ադրբեջանի «Զագուլբայի» նախագահական պալատում կայացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական ընդունելությունը: Երկու երկրների առաջնորդների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության առաջնահերթությունները:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը շնորհավորել է Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ կարևորելով ընտրություններից հետո կարճ ժամանակ անց այցելությունը Բաքու:
«Դեմ առ դեմ հանդիպմանը մենք քննարկեցինք տարածաշրջանային հիմնախնդիրները, երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, և ևս մեկ անգամ տեսանք, որ յուրաքանչյուր հարցի շուրջ մեր տեսակետները համընկնում են: Վստահ եմ, որ այս այցը կարևոր քայլ կլինի մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ադրբեջանն ու Վրաստանը բարեկամ երկրներ են, և մենք միասին բազում հարցեր ենք լուծել: Մենք համատեղում ենք այնպիսի ծրագրեր, որոնք կարևոր են մեր երկրների և մայրցամաքի համար»,-հայտարարել է Իլհամ Ալիևը:
Իր հերթին Վրաստանի նախագահը, կարևորելով երկկողմ հարաբերությունները,նշել է, որ տարածաշրջան իր առաջին այցը կատարել է բարեկամ երկիր:
«Միասին վերադարձրեցինք մեր անկախությունը և վերջին տարիներին միատեսակ ողբերգություններ ունեցանք: Եվ այսօր մենք միատեսակ վերապրում ենք այն, ինչ նշանակում է գրավյալ տարածքներ, երբ ձեր երկրի տարածքային ամբողջականությունը դեռ չի վերականգնվել…չնայած այս ողբերգությանը, մենք կարողացանք ամրապնդել և զարգացնել մեր պետությունները, զարգացնել տնտեսությունը և շարունակել մեր ճանապարհը որպես անկախ երկրներ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: Միաժամանակ Զուրաբիշվիլին մեսիջ է հղել Ադրբեջանին, որ բարեկամությունը՝ բարեկամություն, սակայն պատրաստ են լուրջ քայլել գործարկել երկու երկրների սահմանազատման հարցերում:
«Մեր բարեկամությունից ելնելով` որոշել ենք ցուցմունքներ տալ սահմանագծման հանձնաժողովին, վերականգնել աշխատանքը և վերջապես հաստատել Վրաստանի և Ադրբեջանի համատեղ սահմանը: Դա պետք է լինի միավորման, այլ ոչ թե տարանջատման սահման»,-ասել է Վրաստանի նախագահը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Զուրաբիշվիլիի այցի նպատակն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացումն է: