Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար», հայտնում է RazmInfo-ն:
Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։
Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն են.
- «Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ»;
- «Հանցագործություն տնտեսական գործունեության ոլորտում»;
- «Հանցագործություն ուղղված հանրային անվտանգության դեմ»;
- «Հանցագործություն ուղղված սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ»;
- «Հանցագործություն ուղղված կառավարման կարգի դեմ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում սկսել են անհայտ պայմաններում այնտեղ հայտնված Կարեն Ղազարյանի դատավարությունը:
Ղազարյանն անհայտ պայմաններում 2018թ. հուլիսին հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Նրան այնտեղ ներկայացնում են որպես ՀՀ ԶՈւ դիվերսանտ, թեև Ղազարյանը ԶՈւ զինծառայող չէ։