Ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունեց Իրանի անվտանգության և ոստիկանության պատվիրակությանը (տեսանյութ)
Փետրվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը:
Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետի առաջին տեղակալը կարևորեց երկու պետությունների միջև ամուր բարեկամական հարաբերությունները: Դրա շնորհիվ է նաև, որ սերտ համագործակցություն կա Հայաստանի և Իրանի իրավապահների միջև:
ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ամփոփեց Հայաստան կատարած երկօրյա աշխատանքային այցը:
ՀՀ ոստիկանության շտաբի, ճանապարհային ոստիկանության, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար կազմերի հետ արդյունավետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր և ուրվագծվել համագործակցության նոր ուղղություններ:
Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ու ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին ստորագրեցին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անվտանգության համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը: