Այսօր մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է. Ազգային պատկերասրահի անդրադարձը
Այսօր մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է (1860- 1921 թթ): Այս կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահն անդրադարձել է նրա ամենաակնառու գործերից մեկին: Facebook-ի էջում հրապարակելով այն՝ գրել է.
«Քրիստոսի կերպարին նվիրված Վարդգես Սուրենյանցի ամենաակնառու գործերից է 1900 թվականին ստեղծված «Քրիստոսի դեմքը. Դաստառակ» նկարը:
Ռեալիստական մեկնաբանմամբ այն ներկայացնում է Փրկչի «Անձեռակերտ Պատկերը»:Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի Աբգար թագավորը (մ.թ. 13 – 50 թթ.) Քրիստոսի կենդանության օրոք լսելով նրա հրաշագործությունների մասին, հավատացել է, որ նա Աստծո Որդին է: Անբուժելի հիվանդ Աբգարը նամակ է ուղարկել Քրիստոսին, որով խնդրել է գալ և բժշկել իրեն: Փրկիչը թագավորի սուրհանդակ Անանին տվել է Անձեռակերտ Պատկերը, որն իր դեմքի հպումով նա դրոշմել է դաստառակի վրա, որի շնորհիվ և Աբգարը բժշկվում է:
Սպիտակ կտորի վրա դրոշմված Քրիստոսի դեմքն ունի անմեկնելի մոգական ազդեցություն: Փշե պսակից վնասված ճակատից հոսում են արյան կաթիլները: Նրա մեծ, պարզ աչքերը, խաղաղ հայացքը լույս են ճառագում: Դեմքի հազիվ նշմարվող ուրվագծերը, որոնք տեղ-տեղ անհետանում են, իսկապես թողնում են Անձեռակերտ Պատկերի տպավորություն: Այստեղ կրկին արվեստագետն ի ցույց է դնում կատարողական իր մեծ վարպետությունը` դիտողի մոտ ստեղծելով մեխերով պատին ամրացված և տեղ-տեղ վնասված քաթանե կտորի իրական տպավորություն: Վարդգես Սուրենյանցի «Քրիստոսի դեմքը. Դաստառակ» ստեղծագործությունն իրավամբ կարելի է դասել «Անձեռակերտ Պատկերի» լավագույն օրինակների շարքին»: