Հայաստան-Իրան հարաբերություններում առևտրի և ներդրումների նոր ուղիներ կբացվեն. Փաշինյանի հարցազրույցը IRNA-ին
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է: Փաշինյանն Իսլամական Հանրապետության (IRNA) գործակալությանը տված հարցազրույցում պատմում է երկու երկրների պատմական կապերի և երկկողմ համագործակցության ընդլայնման մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, էլեկտրաէներգիան և տուրիզմը:
Գնահատելով Իրանի հետ 28-ամյա դիվանագիտական հարաբերությունները՝ Փաշինյանն ասել է.
«Իրանի հետ բարեկամանական ու գործընկերային հարաբերությունները մեր ներքին քաղաքականության մասն են, և մենք շահագրգռված ենք զարգացնել մեր երկկողմ բարիդրացիական հարաբերությունները: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ կա չօգտագործված ներուժ, հատկապես առևտրա-տնտեսական ոլորտում: Համոզված եմ, որ տարբեր մակարդակներում կապերի ամրապնդումն ու երկխոսությունը նույնպես կարող են նպաստել ներուժի ամբողջական իրացմանն ուղղված քայլերը հստակեցնելուն»,-նշել է վարչապետը:
Թե մասնավորապես ո՞ր ոլորտներն են լինելու ուշադրության կենտրոնում և արդյո՞ք այս այցի շրջանակներում որևէ համաձայնագիր կստորագրվի երկրների միջև, Փաշինյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, և այցի նպատակն է զարգացնել այն: Նա նշել է, որ այս այցը կարելի է համարել երկու երկրների միջև կանոնավոր երկխոսության մաս, որի շրջանակներում կքննարկեն տարբեր հարցեր:
«Ինչ վերաբերում է այցի կարևոր հարցերին, պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերություններում նոր բաղադրիչ է հայտնվել. Խոսքը ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի մասին է, որը առևտրի և ներդրումների նոր ուղիներ կբացի մասնակից երկրների միջև: Հույս ունեմ, որ մոտ ապագայում իրավական գործընթացը կավարտվի, և արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Ինչ վերաբերում է փաստաթղթերի ստորագրմանը, ապա կողմերը ներկա պահին աշխատում են մի խումբ փաստաթղթերի վրա՝ նախապատրաստելով դրանք ստորագրման: Միևնույն ժամանակ նշեմ, որ հայ-իրանական բազմակողմանի հարաբերություններն այսօր կարգավորվում են ավելի քան 180 փաստաթղթերով»,-ասել է Փաշինյանը: