Ռոհանին արտգործնախարարի հրաժարականի ֆոնին խոսել է Իրանի դիվանագիտության ձեռքբերումներից
ԻրանԻրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին երկրի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հրաժարականի ֆոնին նշել է, թե որոնք են իրանական դիվանագիտության ոլորտի կարևորագույն հաջողությունները, գրում է РИА Новости-ն:
Նախագահը նախևառաջ հիշատակել է Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից Իրանի՝ ԱՄՆ-ի դեմ ներկայացրած հայցի բավարարումը: Հայցը վերաբերում էր նրան, որ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հրաժարվում էր Իրանի Կենտրոնական բանկին վերադարձնել երկու մլրդ դոլար:
«Մենք շարունակում ենք տարածաշրջանում մեծ աշխատանքներ իրականացնել: Այդ գործը մասամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուսերին է, մասամբ՝ Արտաքին գործերի նախարարության և տնտսական ոլորտի»,- ասել է Ռոհանին:
Նա նաև նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ Թեհրան է ժամանել՝ հատուկ Իրանի ժողովրդին ու կառավարությանը, ինչպես նաև արտգործնախարարությանը Մերձավոր Արևելքում կատարած աշխատանքի համար իր երախտագիտությունը հայտնելու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի խորհրդարանի անդամների մեծ մասը արտգործնախարար Ջավադ Զարիֆինն պաշտոնում թողնելու համար ստորագրահավաք էր անցկացրել և համապատասխան խնդրանքով դիմել նախագահ Ռոհանիին:
Հիշեցնենք, որ Զարիֆը հրաժարականի մասին հայտնել էր երեկ՝ ինստագրամյան էջում: