Ծխելը մոդայիկ ու գեղեցիկ չէ. բժիշկը, դասախոսը և ռեստորանատերը կողմ են «Անծուխ միջավայր բոլորի համար» նախաձեռնությանը
Մայիսի 1-ից կառավարությունը մտադիր է հանրային գրեթե բոլոր տարածքներում արգելել ծխելը։ Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում բժիշկը, դասախոսը և ռեստորանատերը հայտնել են, որ կողմ են «Անծուխ միջավայր բոլորի համար» նախաձեռնությանը: Նրանք առաջարկել են նժարի վրա դնել առողջությունը և ծխելը, հասկանալ՝ որն է կարևոր: Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ծխում է տղամարդկանց 50 տոկոսից ավելին, կանանց՝ 2 տոկոսը։ Մասնագետների խոսքով՝ ծխողները վնասում են ինչպես իրենց, այնպես էլ շրջապատող մարդկանց առողջությունը:
«Ապացուցված է, որ ծխախոտի ծխի մեջ կա 4000-ից ավելի քիմիական միացություններ, որոնցից ավելի քան 250-ը համարվում են վնասակար, որոնցից ավելի քնա 50-ը համարվում են քաղցկեղածին: Զարգացած երկրներում ապրող մարդիկ շուտվանից հասկացել են, որ դա մոդայիկ չէ, լավ չէ, գեղեցիկ չէ, դրանով ոչ մեկին ոչինչ չես ապացուցում, ապացուցում ես ընդամենը այն, որ դու հիվանդ ես: Դա միջազգային մոտեցումն է, դուք կարող եք բացել ընդամենը հիվանդությունների դասակարգումը, ծխախոտամոլությունը դասակարգվում է որպես հիվանդություն: Հիվանդներին պետք է բուժենք, հիվանդությունը կանխարգելենք հնարավոր բոլոր միջոցներով»,- ասաց ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը:
Ռեստորանի տնօրենն էլ պատմեց, որ արդեն 4 տարի է, ինչ իրենց հաստատությունում արգելված է ծխելը: Ավելացրեց, որ դա դրական ազդեցություն է թողել իրենց բիզնես ցուցանիշների վրա:
«Իրականում մենք ցանկանում ենք՝ այն սնունդը, որ մատուցում ենք մեր հաճախորդներին, լինի համային ու հոտային այն վիճակով, որն ի սկզբանե նախատեսված էր, իսկ ծխախոտն իրականում ազդում է համի ու հոտի վրա: Բացի այդ, երկրորդային ծխի ազդեցությունը ևս ստիպել է գնալ այդ քայլին: Դրանից բացի, հաճախորդն այդպես ավելի է կենտրոնանում մթնոլորտի ու տիրող միջավայրի վրա»,- ասաց ռեստորանատերը:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դասախոսն էլ վիճակագրական թվեր ներկայացրեց, հետո ասաց, որ այս նախաձեռնությունը փայլուն արդյունքներ է գրանցելու:
«Ցավոք սրտի, տղամարդկանց շրջանում ծխելու տարածվածությունը 60 տոկոս և ավելին է: Դա արտացոլվում է մեր մահացության ցուցանիշների մեջ»,- ասաց Արուսյակ Հարությունյանը: