Զոհրաբ Մնացականյանը Արցախի պաշտոնակցին ներկայացրել է Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները
Այսօր՝ փետրվարի 25-ին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:
Գործընկերները բարձր են գնահատել պարբերաբար անցկացվող երկկողմ
հանդիպումները և ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ խթանելու երկու
արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ոլորտներում
խորհրդակցությունների անցկացումը:
Այս օրերին լրացող Ղարաբաղյան շարժման 31-ամյակի լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձել են դրա ակունքներին՝ ընդգծելով, որ այն ուղղված էր Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների, իր հայրենիքում ապրելու և ազատ արարելու անբեկանելի իրավունքի պաշտպանությանը:
Նախարար Մնացականյանը ներկայացրել է Դավոսում Հայաստանի վարչապետի և
Ադրբեջանի նախագահի, Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և համանախագահների հետ հանդիպումների, ինչպես նաև վերջերս եռանախագահների՝ Երևան կատարած այցի
մանրամասները:
Զրուցակիցները փոխանակել են տեսակետներ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: