«Դեղին բաճկոնների» ցույցերի մեկնարկից հետո Մակրոնի վարկանիշն առաջին անգամ աճել է
Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը բարձրանալու միտում ունի: Այս մասին փաստում են «Odoxa» հետազոտական ընկերության կողմից արված սոցիոլոգիական հարցումները:
Ըստ ուսումնասիրության տվյալների՝ ներկայումս նախագահի պաշտոնում Մակրոնի գործունեությանն աջակցում է Ֆրանսիայի քաղաքացիների 32 տոկոսը:
«Դեղին բաճկոնների» ակցիաներից ի վեր սա Մակրոնի վարկանիշի ամենաբարձր ցուցիչն է: Մասնավորապես, դեկտեմբերին Էմանուել Մակրոնի վարկանիշը 27 տոկոս էր գնահատվում:
Բացի այդ, ֆրանսիացիների 55 տոկոսը հայտնել է, որ երկրում ցույցերը պետք է դադարեցվեն:
Հարցումն անցկացվել է փետրվարի 2-21-ը, 1000 բնակչի շրջանում: