Դատարանի սխալի պատճառով անազատության մեջ 39 տարի անցկացրած ամերիկացին 21 մլն դոլար փոխհատուցում կստանա
ԱՄՆ բնակիչ Քրեյգ Քոուլին, որին սխալմամբ մեղավոր էին ճանաչել կրկնակի սպանության համար և 39 տարի պահել անազատության մեջ, 21 մլն դոլարի չափով փոխհատուցում կստանա, հաղորդում է ABC News-ը:
«Անարդարացիորեն դատապարտված տղամարդը համաձայնել է Կալիֆոռնիայի իշխանությունների առաջարկին, և չգործած սպանության համար 39 տարի բանտում անցկացնելուց հետո 21 մլն դոլարի փոխհատուցում կստանա»,- ասված է հրապարակման մեջ:
Քրեյգ Քոուլին 1978թ.-ին իր ընկերուհու՝ Ռոնդա Վիխթի և նրա 4-ամյա որդու՝ Դոնալդի սպանության համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել:
2017թ.-ի նոյեմբերին Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ Ջերրի Բրաունը նրան ներում էր շնորհել, և բանտարկյալն ազատ էր արձակվել: Ազատ արձակման պահին Քոուլին 70 տարեկան է եղել:
Ավելի ուշ դատարանը նրան անմեղ է ճանաչել: Այժմ տեղական բյուջեից Քոուլիին 4,9 մլն դոլար կտրամադրվի, իսկ մնացած գումարը կտրամադրվի ապահովագրական ընկերությունների և այլ աղբյուրների կողմից:
Իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ տվյալ համաձայնությունը թույլ կտա խուսափել երկարատև դատական գործընթացից, որը կողմերի համար ավելի ծախսատար կլիներ:
ԱՄՆ-ում նմանատիպ դեպքեր գրանցվել են նաև նախկինում. 2015թ.-ին դատարանի սխալի պատճառով 40 տարի ճաղերի երևում անցկացրած Ջոզեֆ Սլեջը 70 տարեկան հասակում ազատ էր արձակվել, իսկ 2014թ.-ին թյուրիմացաբար 15 տարով դատապարտված քաղաքացուն 3 մլն դոլարի փոխհատուցում էր տրամադրվել: