Հիտլերի մանկության տան սեփականատերը 1,5 մլն եվրո փոխհատուցում կստանա դրա առգրավման դիմաց
Ավստրիայի իշխանությունների կողմից Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի մանկության տան բռնագրավման դիմաց փոխհատուցման հետ կապված երկարատև դատական գործում նոր զարգացումներ են եղել, գրում է The Local-ը:
Գործը նոր ընթացք է ստացել այն բանից հետո, երբ ավստրիական Բրաունաու ամ Ինն քաղաքի դատարանը որոշում է կայացրել տանտիրուհուն՝ Գերլինդա Պոմմերին, նախնական 310 հազար եվրոյի փոխարեն 1,5 մլն դոլար փոխհատուցում վճարել:
Նման որոշումը պայմանավորված է տան պատմական հայտնիությամբ: Ավստրիայի ֆինանսների դատախազությունը, որը դատական վարույթում ներկայացնում է երկրի կառավարությանը, փոխհատուցման չափը չափազանցված է համարում: Դատախազությունից վստահեցնում են, որ դատարանը հաշվի չի առել մինչև տան բռնագրավումը կառավարության կողմից Պոմմերին վճարված գումարի չափը:
Տունը, որտեղ 1889թ.-ի ապրիլի 20-ին ծնվել է Ադոլֆ Հիտլերը, բռնագրավվել էր կառավարության կողմից դեռևս 2016թ.-ի դեկտեմբերին: Մինչ այդ Պոմմերի հետ, որի ընտանիքին ավելի քան 100 տարի պատկանել է տունը, մի քանի տարի դատավարություն էր իրականացվել:
Պարբերականը նշում է, որ իշխանությունները չեն ցանկացել, որ այդ վայրը նեոնացիստների ուխտատեղի դառնա: