Պիտի ուտեի՞ք, թե՞ ուղղակի հավեսի համար. Արմավիրում կրակոցից արագիլ է սատկել. (լուսանկարներ)
«Պիտի ուտեի՞ք, թե՞ ուղղակի հավեսի համար»,- Facebook-ի իր էջում հրապարակելով վիրավոր արագիլի նկարները՝ այս հարցն է ուղղել օգտատեր Աննա Մարգարյանը:
«Էս արագիլին էսօր կեսօրին մի քանի հոգով գտանք գյուղում, կրծքավանդակի ու թևի հատվածում վնասվածքով։ Մի կերպ էր ոտքի վրա կանգնում։
Ամբողջ տարածաշրջանում էն սյուների, որոնց վրա արագիլի բույն կա, համարակալումներ են ու ինչ որ տիպի ինֆորմացիա կապ հաստատելու համար։ Ոչ կայքը կա, ոչ համարն է երբևէ զանգերի պատասխանել։ Բայց ըստ երևույթին էդ մարդիկ ինչ որ կերպ պետությունից գումարներ են ստանում նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար։ Ու գյուղում ինձ ասացին, որ մի քանի տարի ա նման իրավիճակի դեպքում զանգում ենք ու պատասխան չկա»,- գրել է նա:
Մարգարյանը հայտնել է, որ վիրավոր արագիլին փրկելու միակ հույսը եղել է գյուղի միակ, արդեն ծեր անասնաբույժը, որն օգնել է՝ ինչով կարողացել է:
«Չհանձնվեցինք, տարանք կողքի գյուղի անասնաբույժի մոտ էլ, ինչ որ դեղ ներարկեց ու ասաց` կերակրեք մի երկու օր, կլավանա:
Մի քանի ժամ առաջ արագիլը սատկեց»,- նշել է օգտատերը՝ հայտնելով, որ այս հարցով դեռ զբաղվելու է։