Իրաքի էներգետիկայի նախարարը Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել
Փետրվարի 24-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի էներգետիկայի նախարար, դոկտոր Լուեյ ալ-Խատիբին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես հայկական կողմը մատնանշեց Հայաստանից դեպի Իրաք էլեկտրականության առաքման, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։
Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ բնագավառում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության վերաբերյալ։ Նախարար Ալ-Խատիբը, ներկայացնելով Իրաքի էներգետիկ ոլորտում առկա խնդիրները և ձեռնարկվող միջոցառումները, ՀՀ դեսպանին հայտնեց իրաքյան կողմի պատրաստակամությունը` խորացնելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը։