Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Մուստաֆա Շենտոպն այսօր ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնում։
Քվեարկության առաջին երկու փուլով նոր խոսնակ ընտրել չի հաջողվել։ Երրորդ փուլում Շենտոպի օգտին է քվեարկել 336 օրենսդիր՝ անհրաժեշտ նվազագույն 301-ի պարագայում, հայտնում է ТАСС գործակալությունը։
Պաշտոնին հավակնել են Էնգին Ալթայը Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից, Սերպիլ Քեմալբայ Պեկգեզեգյուն՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից և Իմամ Հուսեյն Ֆիլիզն՝ ազգայնական «Լավ կուսակցությունից»։
Փետրվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր հրաժարականի մասին, որպեսզի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորություն ունենար։