Իրանն առաջին անգամ թևավոր հրթիռ է արձակել մեծ խորությամբ տեղակայված սուզանավից
Իրանի ռազմածովային ուժերը թևավոր հրթիռ են արձակել ստորջրյա դիրքում գտնվող «Գադիր» տեսակի սուզանավից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրանական բանակի կայքը:
«Ուսումնավարժանքների երրորդ օրը «Գադիր» տեսակի սուզանավը հաջողությամբ թևավոր հրթիռ է արձակել: Քանի որ հրթիռները, որոնք արձակվում են սուզանավերից, գործունեության սահմանափակ հեռավորություն ունեն, և սուզանավը կարող է նկատվել հակառակորդի կողմից արձակման պահին, իրանցի փորձագետներն առաջին անգամ թևավոր հրթիռի արձակումն իրականացրել են մեծ խորությունից»,- ասվում է Իրանի բանակի հայտարարության մեջ:
Իրանի զինված ուժերից տեղեկացրել են նաև, որ այլ սուզանավեր նույնպես ունակ են վերջրյա թիրախների ուղղությամբ հրթիռներ արձակել ստորջրյա տարածքից:
Իրանի ռազմածովային ուժերի «Վելայաթ 97» լայնամասշտաբ ուսումնավարժանքներն ուրբաթ մեկնարկել են Հորմուզի նեղուցում: