Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցին BMW X6-ով վրաերթի է ենթարկել հետիոտների խմբին. կա 2 զոհ
Լույս փետրվարի 24-ի գիշերը Սանկտ Պետերբուրգի Նևսկի մայրուղու վրա BMW X6-ի վարորդը՝ ազգությամբ ադրբեջանցի Մուրադ Քասիմովը, բարձր արագությամբ դուրս է եկել մայթի վրա ու, վրաերթի ենթարկելով հինգ հետիոտնի, դարձել երկու մարդու մահվան պատճառ, հայտնում է gazeta.ru-ն:
Ներքինգործերի նախարարության փոխանցմամբ՝ 30-ամյա կասկածյալը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով 2018թ. նոյեմբերին 18 ամսով զրկվել էր վարորդական իրավունքից:
Հայտնի է, որ Քասիմովը Սանկտ Պետերբուրգ է տեղափոխվել մոտավորապես շուրջ 9 տարի առաջ:
Հատկանշական է, որ երկու տարվա ընթացքում Քասիմովն ավելի քան 50 անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները:
Հայտնի է, որ 30 000 ռուբլու չափով տուգանքների չվճարման հետևանքով ոստիկանությունն ավելի վաղ սահմանափակում էր դրել նրա մեքենայի գրանցման գործողությունների վրա:
Ինչ վերաբերում է ողբերգական վրաերթին, ապա փետրվարի 24-ին Քասիմովին տարել են դատաբժշկական փորձաքննության:
Կասկածյալն ուժայիններին պատմել է, որ նախքան ավտովթարը եղել է գիշերային ակումբում:
«Դումսկի փողոցի բարում տրամադրությունը բարձրացնող գազ եմ շնչել, այդ պատճառով էլ անջատվել եմ:
Ճիշտն ասած, շոկի մեջ եմ»,- ասել է ադրբեջանցին:
Հայտնի է, որ միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է երեք մարդ:
Նշվում է, որ զոհերից մեկն ԱՄՆ-ի 40-ամյա քաղաքացի է, մյուսը՝ Մոսկվայի 39-ամյա բնակչուհի:
Վարորդը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ: