Ես ավելի քան համոզված եմ, որ անմեղ եմ․ ՌԴ-ում կալանքից ազատ արձակված բժիշկ Գևորգ Ստեփանյանի տեսաուղերձը (տեսանյութ)
ՌԴ-ում կալանավորված բժիշկ Գեւորգ Ստեփանյանը խափանման միջոցը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, եւ արդեն մի քանի օր է՝ ազատ է արձակվել։ Այսօր, նա տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն․
«Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին իմ ազատությանը, ովքեր մասնակցեցին ստորագրահավքին, ովքեր եղան աջակից արդարության բացահայտմանը եւ արդարության պայքարին։ Հավատացեք՝ բավականին դժվար է Ռուսաստանում հասնել արդարությանը, ու մի ուժով չէ, որ կարող է դա տեղի ունենալ․ բավականին մեծ ջանքեր են դրվել, որպեսզի ես ազատ արձակվեմ, ու կարողանամ իմ պայքարը տանել ազատության մեջ»։
Գեւորգ Ստեփանյանը նշել է, որ բանտում բավականին ծանր պայմաններ էին, բավականին ծանր ճանապարհով է անցել, բայց պայքարը դեռ առջեւում է․ «Դեռ դժվարությունները առջեւում են, դեռ ունենք պայքար դատարաններում։ Ես ավելի քան համոզված եմ, որ արդարությունը իմ կողմն է․ այս բառը հենց այնպես չեմ օգտագործում, որովհետեւ ես իմ ամեն մի քայլը գիտեմ, ես գիտեմ՝ ինչ եմ արել, ես գիտեմ՝ ինչպես եմ արել, ու ամեն մի քայլիս համար կարող եմ ստորագրել։ Մեզ այսօր մի քանի բան է պակասում՝ դատաբժշկական փորձաքննության պատասխանը, որը շուտով կլինի, եւ հենց պատրաստ լինի՝ պարզ կլինի, թե ում մեղքը որտեղ է։ Ես ավելի քան համոզված եմ, որ անմեղ եմ։»,- հայտարարել է նա։
Գեւորգ Ստեփանյանը նաեւ տեղեկացրել է, որ մի քանի օր է, ինչ ազատության մեջ է, եւ «դեռ հետ է գալիս»։
Նա անդրադարձել է նաեւ սոցիալական ցանցերով ստացած այն բազմաթիվ նամակներին, որոնցով նրան առաջարկում են ֆինանսական կամ որեւէ այլ օգնություն․ «ինձ ոչ ֆինանսական, ոչ էլ այլ օգնություն է պետք, ինձ պետք է ձեր ներկայությունը, ձեր աջակցությունը այս ամենին»,- ասել է նա՝ եզրափակելով «բոլորով իրար հետ, դեպի առաջ»։
Հիշեցնենք՝ Գեւորգ Ստեփանյանը գտնվում էր Մոսկվայի «Բուտիրյան» բանտում եւ կալանավորվել էր բժշկական սխալի պատճառով, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ հիվանդի առողջությունը վտանգվել է այլ բժիշկների անփութության հետեւանքով։
ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ջանքերի շնորհիվ՝ հաջողվել է նրա խափանման միջոցը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։