Թուրքիայում արգելվել է ամերիկյան հայտնի սերիալի ցուցադրությունը
Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից նկարահանված «Designated Survivor» անվամբ հայտնի սերիալի ցուցադրությունը Թուրքիայում արգելվել է։ Ըստ թուրքական դատարանի՝ պատճառն այն է, որ սերիաներից մեկում «կոշտ մեղադրանքներ են հնչեցվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին», ինչպես նաև «քարոզչություն է իրականացվել գյուլենական համայնքի օգտին» (վերջինս Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն)։
Այդ ամենը հաշվի առնելով` թուրքական դատարանը որոշում է կայացրել սերիալը հանել համացանցի թուրքական տիրույթից։ Նշվում է, որ Թուրքիայում սերիալի հետ կապված հետաքննություն էր սկսվել այն բանից հետո, երբ մի շարք քաղաքացիներ իրենց բողոքն էին արտահայտել։
Սերիալի 2-րդ եթերաշրջանի 7-րդ սերիայում ԱՄՆ-ի նախագահն ակնարկում է, թե Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ետևում կանգնած է թուրքական բանակը։ Իսկ երկխոսություններից մեկի ժամանակ նա Թուրքիայի նախագահին անվանում է անպատկառ բիճ։
Դրվագներից մեկում էլ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները մամուլի ասուլիս են տալիս, որի ընթացքում անդրադառնում են ԱՄՆ-ում ապաստանած թուրք գործչի արտահանձմանը, ով Թուրքիայում ահաբեկիչ է համարվում: Սոցցանցերում թուրք օգտատերերը պնդում են, որ ֆիլմում Նուրի Շահին անվամբ ներկայացվող այդ գործչի կերպարը համապատասխանում է Ֆեթուլլահ Գյուլենին։
Ֆիլմում ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը նշում է, որ Նուրի Շահինի վերաբերյալ Թուրքիայի հետ տարակարծություն կա։ ԱՄՆ-ի նախագահի խոսքերով, Թուրքիան չի արտահանձնի այդ մարդուն և վերջինս կարող է շարունակել մնալ ԱՄՆ-ում։ Ի պատասխան դրան՝ Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ին հրապարակավ մեղադրում է ահաբեկչին ապաստան տալու մեջ։
Ասուլիսի ավարտից հետո երկու նախագահների միջև թեժ զրույց է ընթանում նախագահի առանձնասենյակում և Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ի նախագահին մեղադրում է անհարգալից վերաբերմունքի մեջ։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ապաստան է տալիս մի մարդու, ով մեղավոր է Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիների մահվան մեջ։ ԱՄՆ-ի նախագահն էլ արձագանքում է, որ Շահինի արտահանձման համար բավականաչափ հիմքեր չկան և ըստ ամերիկյան հետախուզության՝ ռազմական հեղաշրջման փորձի նախաձեռնողը ոչ թե նա է, այլ թուրքական բանակը։