Թուրքիայում իրենց երջանիկ համարող քաղաքացիների թիվը նվազել է
«Թուրքիայի վիճակագրական ընկերությունը» (TÜİK) հրապարակել է կյանքից ու կենսապայմաններից մարդկանց գոհունակության մակարդակի մասին զեկույց:
Ըստ այդմ՝ 2018թ․ իրեն երջանիկ համարող քաղաքացիների թիվը 2017թ․ համեմատ զգալիորեն նվազել է՝ 58 տոկոսից հասնելով 53․4 տոկոսի։ Մինչդեռ իրենց դժբախտ համարող քաղաքացիների թիվը 11․1 տոկոսից ավելացել է՝ հասնելով 12․1 տոկոսի։
Ընդ որում, հարցվածների շրջանում իրենց երջանիկ է համարել կանանց 57 տոկոս։ 2017թ․ այդ ցուցանիշը կազմել էր 62․4 տոկոս։ Իսկ հարցումներին մասնակցած տղամարդկանցից միայն 49․6 տոկոսն է հայտարարել, որ երջանիկ է։ 2017թ․ անցկացված հարցումների ժամանակ այդ ցուցանիշը կազմել էր 53․6 տոկոս։
Ըստ տարիքային խմբերի ուսումնասիրության արդյունքները վերլուծելիս պարզ է դարձել, որ 65 տարեկանից բարձր տարիքային խմբում երջանիկ քաղաքացիների թիվը 2017թ․ կազմել է 66․1 տոկոս, 2018թ․՝ 61․2 տոկոս։ Ուշագրավ է, որ սա ամենաերջանիկ տարիքային խումբն է։
Երջանկության ամենացածր մակարդակը գրանցվել է 45-54 տարեկանների շրջանում։ Այս տարիքային խմբում 2017թ․ իրեն երջանիկ է համարել հարցվածների 53․1 տոկոսը, 2018թ․՝ 47․8 տոկոսը։
Արձանագրվել է նաև, որ հարցումներին մասնակցած ամուսնացած քաղաքացիներն ավելի հաճախ են իրենց երջանիկ համարել (56․3 տոկոս), քան չամուսնացածները (46․7)։ Ընդ որում, ամուսնացած կանանց շրջանում իրենց երջանիկ համարողների թիվն ավելի մեծ է (60․7 տոկոս), քան ամուսնացած տղամարդկանց շրրջանում (51․6 տոկոս)։
Հարցվածների 69 տոկոսի կարծիքով՝ երջանկության ամենակարևոր նախապայմանը առողջությունն է, 15․5 տոկոսի կարծիքով՝ սերը, 8․8 տոկոսի կարծիքով՝ հաջողությունը, 4․2 տոկոսի կարծիքով՝ փողը, 2․2 տոկոսի կարծիքով՝ աշխատանքը։
Հարցվածների 72․1 տոկոսը հայտարարել է, որ լիահույս է սեփական ապագայի նկատմամբ։ Ընդ որում, կանանց շրջանում նման համոզմունք է հայտնել 73 տոկոսը, տղամարդկանց շրջանում՝ 71․1 տոկոսը։