Կանցկացվի բարեգործական աճուրդ՝ նվիրված Մինաս Ավետիսյանի որմնանկարների փրկությանը
Այսօր լրանում է մեծ գեղանկարիչ Մինաս Ավետսիյանի մահվան 44-րդ տարելիցը: Այս կապակցությամբ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստյան կարգ է մատուցվել, իսկ «Որդան կարմիր» բարեգործական հիմնադրամը եկեղեցու բակում ցուցադրել է Մինասի Ջաջուռի շարքից կտավներ: Հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Փիլոյանը տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս կկազմակերպվի բարեգործական աճուրդ, որի հասույթը տրամադրվելու է որմնանկարների վերանորոգմանը:
«Եթե ավելի լինեն միջոցները, ուրիշների աշխատանքների համար էլ կտրամադրենք, որովհետև մեր ֆրեսկաները հայտնի են ամբողջ աշխարհում»,- ասաց նա:
Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների շատ քիչ մասն է հասել արվեստասերներին: 1972թ. տեղի ունեցած հրդեհի հետևանքով նրա աշխատանքների մի մասը ոչնչացել է: Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր, խորհրդակատար քահանա Տեր Շահե Հայրապետյանը նշեց.
«Մենք գուցե կխոսենք հարյուրավոր կտավների մասին, որոնք այրվեցին ու չպիտի տեսնենք, այն որմնանկարների մասին, որոնք վտանգի մեջ են, մեզ հասել են իր արվեստի ծվեններ, 47 տարեկանում մահացավ, ինչեր պիտի արտաշնչեր, մոր կերպարը, որ Աստվածամոր կերպարով էր գալիս, խաչելությունը, մի խաչված էլ ինքը եղավ, որովհետև զոհ գնաց բարքերին»:
Նա պատմեց Մարտիրոս Սարյանի հետ տեղի ունեցած հանդիպման մասին և կարևոր խորհրդանիշ տեսնելով դրանում՝ ասաց.
«Երբ Մարտիրոս Սարյանը հանդիպում է Մինասին 18 տարեկանում` ասում է, ուր էիր, ինչու այսքան ուշ եկար, այսինքն` դու ասելիք ունեիր, բայց քո ասելիքը ես չէի տեսնի դեռ, բայց հանճարեղ նկարչի՝ Սարյանի համար դա դարերի մեջ հնչող արձագանք էր»:
Մինաս Ավետիսյանը հասցրել է ստեղծագործել ընդամենը 15 տարի, անկախ այդ հանգամանքից, նա ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ: Խոսելով ժամանակաշրջանի մասին` Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանն ասաց.
«Պետք է շնորհակալ լինենք ժամանակաշրջանին, որ Մինասը կարողացավ ստեղծել դրանք, և այսօր էլ, երբ տեսնում ենք հիշում են, արժևորում են, շնորհակալ գործ է: Ես կարծում էի այն ժամանակ, որ որմնանկարները պետք է տեղում լինեին, և շենքը պետք է մնար որպես հայ նկարիչների որմնանկարների թանգարան, միայն Մինասը չէր, Աթոյան Ռաֆիկը, Հակոբ Հակոբյանը, Լենինականի արվեստ ստեղծող հասարակությունը»: