Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին կվերակառուցվի
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, որը լուրջ վնասներ էր կրել 2015 թվականին քաղաքի պատմական Սուր թաղամասում թուրք-քրդական բախումների հետևանքով, կվերակառուցվի պետական միջոցների հաշվին, այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ որոշումը կայացվել է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության՝ Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությանն ուղղված պահանջի հիման վրա: Ըստ երկու պետական մարմինների միջև ստորագրված արձանագրության՝ եկեղեցու նորոգման աշխատանքները կֆինանսավորի նախարարությունը:
Հայտնի է, որ նույն որոշման հիման վրա կնորոգվի նաև Սուր թաղամասում գտնվող քելդանի համայնքին պատկանող եկեղեցիներից մեկը:
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության տարածքային մասնաճյուղի ղեկավար Մեթին Էվսենը հայտնել է, որ այժմ ընթանում են Դիարբեքիրում գտնվող հայկական մեկ այլ՝ կաթոլիկ եկեղեցու նորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ: Իսկ Սուրբ Կիրակոսի վերակառուցման նախագիծը նախատեսվում է սկսել արդեն եկող ամիս:
Մերձավոր Արևելքում հայկական ամենամեծ եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը 2011-ին տարբեր երկրներում հայկական սփյուռքի նվիրատվությունների շնորհիվ (շուրջ 700 000 դոլար է հավաքվել) վերականգնել են և վերաբացել ծխականների համար:
Հայկական եկեղեցին ավերածության էր ենթարկվել 2015-ին, այնուհետև պետականացվել: Թեև տեղի հայ համայնքի ջանքերով Սուրբ Կիրակոսը հաջողվեց վերադարձնել եկեղեցու հիմնադրամին և կանխել դրա ամբողջական ավերումը, եկեղեցու տարածք մտնելը մինչ օրս խոչընդոտվում է:
Անցյալ տարի Թուրքիայի պետական խորհուրդը (երկրի բարձրագույն վարչական դատական մարմինը) չեղարկել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման մասին ավելի վաղ Նախարարների խորհրդի կայացրած որոշումն ու վերակառուցման որոշում կայացրել: