Այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ, համաշխարհային վավերագրական կինոյի ականավոր ներկայացուցիչ Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938թ.-ի փետրվարի 22-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի):
1968թ. ավարտել է Մոսկվայի կինոմատոգրաֆիայի ինստիտուտը: Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964թ.), «Մարդկանց երկիրը» (1966թ.), «Սկիզբը» (1967թ.) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով:
1969թ. Փելեշյանը նկարահանել է «Մենք» (Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ) կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից: Նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն:
«Տարվա եղանակները» (1975թ.) և «Մեր դարը» (1982թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1985թ.) կինոպոեմներին բնորոշ են թե´ նուրբ քնարականությունը, թե´ էպիկական հզոր շունչը: Փելեշյանը պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ է ստեղծել «Վերջ» (1992թ.) և «Կյանք» (1993թ.) ֆիլմերը: Լավագույններից են նաև «Աշնանային հովվերգություն» (1971թ.), «Աշնանային շուկայի գույները» (1985թ.) կինոնկարները:
Փելեշյանի կինոարվեստն ընդարձակել է «կինո» հասկացության սահմանները՝ ստիպելով վերանայել հանրահայտ ճշմարտությունները և պայմանականությունները: Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:
Վերջինս նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում (1969թ.)՝ Ռևազի դերում: Փելեշյանը «Տարածական մոնտաժ» (1974թ., «Վոպրոսի կինոիսկուստվա», պրակ 15) աշխատության մեջ շարադրել է մոնտաժի իր տեսությունը:
Նա պարգևատրվել է ՀՀ Սբ. Մեսրոպ Մաշտոցի (1996թ.) շքանշանով, իսկ 2006թ.-ին արժանացել է «Փարաջանովյան Թալեր» («Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան) մրցանակների: