Ողբերգական վթար Կոտայքում. «Օպել»-ը բախվել է արգելապատնեշին. 28-ամյա վարորդը տեղում մահացել է (լուսանկար)
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը 04:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 44-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 28-ամյա Հայկ Սարկիսով) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին: Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Հայկ Ս.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից, հանձնել շտապօգնության աշխատակիցներին եւ ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին: