Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են երկկողմ շահերի պահպանմամբ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման շուրջ
Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը փետրվարի 21-ն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են իրադարձությունները Սիրիայում և երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմին։
Բանակցությունների ընթացքում Էրդողանն ու Թրամփը քննարկել են վերջին իրադարձությունները Սիրիայում՝ նշելով այդ երկրում քաղաքական գործընթացին աջակցելու կարևորությունը, ինչպես նաև ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարի հարցում կողմերի վճռականությունը։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահը հաստատել է Վաշինգտոնի հետ համագործակցության հանձնառությունը։
Էրդողանն ու Թրամփը պայմանավորվել են «երկու կողմերի շահերի պահպանմամբ» Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումն իրականացնելու շուրջ։
Երկու երկրների առաջնորդները համաձայնել են նաև երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման և ապրանքաշրջանառությունը 75 մլրդ դոլարի հասցնելու անհրաժեշտության հարցում։