Կենտրոնական Կալիֆոռնիայում նախատեսում են հայկական դպրոցն ընդլայնել
ԱՄՆ-ում նախատեսում են ընդլանյել հայկական փոքր դպրոցը, որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Քլովիս քաղաքում եւ շրջանում միակ հայկական դպրոցն է, փոխանցում է ABC30-ը:
Դպրոցի տնօրեն Կերտիս Շամլինի խոսքով՝ նախատեսում են «The Grace Kazarian Family» հիմնադրամի ֆինանսավորման դեպքում Չառլի Քեհյանի անվան դպրոցի աշակերտների թիվը հասցնել մինչեւ 220-ի: Հիմնադրամը դպրոցին 300 հազար դոլար գումար է հատկացրել: Տնօրենը նշում է, որ դպրոցում բացվել է նախադպրոցական տարիքի աշակերտների խումբ, որտեղ արդեն 2 տարեկանից սկսած 11երեխա կա:
«Փոքր երեխաների հետ աշխատելն անչափ ուրախ է անցնում, քանի որ նրանք ամեն օր ինչ-որ նոր բան են անում: Նրանցից սովորելու բան կա»,- նշել է դպրոցի ուսուցչուհի Հայկուհի Հակոբյանը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հաջորդ ամսվա վերջին նախատեսվում է նոր գրադարանի եւ տեխնիկական կենտրոնի բացումը, իսկ ուսումնական տարվա ավարտին դպրոցում կգործեն բասկետբոլի նոր դաշտ, բակ, բացօթյա բեմ եւ հանգստի գոտի: Սակայն դպրոցի տնօրենն ամենից շատ հպարտանում է արեւմտահայերենի եւ արեւելահայերենի երկու նոր դասարաններով: «Մեր դպրոցում սովորում են նաեւ հայկական ծագում չունեցող ուսանողներ: Նրանք այստեղ կարող են սովորել հայերեն կարդալ, գրել եւ խոսել»,- նշում է Շամլինը: