«Լսե՛ք արդարություն փնտրող փոքրերի աղերսը». Հռոմի պապը խոստացել է կոնկրետ քայլեր ձեռնարկել մանկապիղծ հոգևորականների դեմ պայքարում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստացել է կոնկրետ քայլերի դիմել մանկապիղծ քահանաների կողմից երեխաներին սեռական բռնության ենթարկելու ամոթալի երևույթի դեմ պայքարում:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, պոնտիֆիկոսն այս մասին ասել է աղմկահարույց հարցով համաժողովի ժամանակ:
Հռոմի պապը քառօրյա համաժողովի շրջանակում մեկ վայրում է հավաքել աշխարհի տարբեր անկյուններից եկած Կաթոլիկ եկեղեցու առաջնորդներին, որպեսզի նրանց հետ քննարկի Եկեղեցին վարկաբեկող սեռական սկանդալը:
Նշվում է, որ վերջին երեք տասնամյակում Կաթոլիկ եկեղեցին միլիարդավոր դոլարներ է վճարել մանկապղծության մեղադրանքներով դատական գործերի շրջանակում:
«Քանի որ առերեսվել ենք Եկեղեցու ծառայողների կողմից փոքրերի նկատմամբ կատարված սեռական բռնության պատուհասին, ցանկանում եմ դիմել ձեզ՝ ականջ դրեք արդարություն փնտրող փոքրերի աղերսին»,-ասել է Հռոմի պապը:
Կաթոլիկների հոգևոր առաջնորդն ընդգծել է, որ տուժածները լուրջ և արդյունավետ քայլեր, այլ ոչ թե զուտ դատապարտում են ակնկալում:
Սակայն սեռական բռնության զոհերից որոշների խոսքով՝ համաժողովի հիմնական նպատակն է վարկաբեկված եկեղեցու անունը փրկելը: