Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են
Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա արված գրաֆիտիները մաքրվել են:
Ուշագրավ է, որ գրաֆիտիները հայկական եկեղեցու պատերից հեռացվեցին անմիջապես այն բանից հետո, երբլրատվամիջոցն անդրադարձավ խնդրին՝ հրապարակելով վանդալիզմի դրսևորումն ապացուցող լուսանկարները:
Փետրվարի 20-ին Ermenihaber-ը պարզել է, որ եկեղեցու պատերին արված նկարներն այլևս չկան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Ստամբուլ քաղաքում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ էին արված:
Եկեղեցու պատերին հանդիպում էր «OHB» ստորագրությունը. այսպես է կոչվում Ստամբուլում գրաֆիտի անող ամանաակտիվ խմբերից մեկը:
Քրիստոնյաների սրբավայրի հանդեպ վանդալիզմի դրսևորումը և հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ:
Տարիներ առաջ նույնպես այս եկեղեցու պատերը պղծվել էին: Չնայած 2018-ին այդ գրառումները կապույտ ներկով քողարկվել էին, այնուամենայնիվ, պատերը նորից լի էին գրառումներով` անվայել, տարաբնույթ, անհասկանալի բովանդակությամբ:
Բացի այդ, նախորդ տարվա ապրիլ ամսին Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» հայկական եկեղեցին ազգայնականների թիրախում էր հայտնվել: Անհայտ անձը եկեղեցու մուտքի մոտ աղբաման է դատարկել, իսկ շենքի պատին էլ գրել՝ «էրզրումցի. այս հայրենիքը մերն է»: