Վենեսուելան փակել է իր ծովային սահմանը
Վենեսուելան փակում է իր ծովային սահմանը Արուբա, Բոնեյր և Կյուրասաո կղզիների հետ, դադարեցնում է թռիչքները և վերանայում հարաբերությունները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:
«Վենեսուելան ոչ միայն որոշել է փակել սահմանը, այլ նաև վերանայել հարաբերություններն այդ երկրների հետ: Այս միջոցներն ընդունվում են այնքան ժամանակով, քանի դեռ նրանց կառավարությունները չեն հետևի միջազգային իրավունքին և չեն հարգի այն»,- ասել է Ռոդրիգեսը:
Վերջինս պարզաբանել է, որ Կյուրասաոյի հետ հարաբերությունների մասով այս միջոցները ժամանակի առումով անորոշ բնույթ են կրում: Հենց այդ կղզին է դարձել հումանիտար օգնության հավաքագրման կենտրոններից մեկը, որի մուտքը երկիր Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը չի ցանկանում թույլ տալ:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն խոստացել է, որ հումանիտար օգնությունը երկիր կժամանի փետրվարի 23-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հինգ եվրոպական երկիր 18 մլն դոլար են հատկացրել Գուաիդոյին հումանիտար օգնություն ձեռք բերելու համար: