Հայաստանին կարելի է մեծ շնորհակալություն հայտնել. Եվգենի Սատանովսկին՝ հայ մասնագետներին Սիրիա ուղարկելու մասին
Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին անդրադարձել է հայ մասնագետներին Սիրիա ուղարկելու որոշմանը՝ ընդգծելով, որ Հայաստանը գործել է իր ազգային շահերի համաձայն:
«Հայաստանի ղեկավարությունը հավանաբար գիտեր, թե ինչու է դա անում: Հասկանալի է, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ կապված են ոչ միայն անձամբ ինձ ուրախացնող այս փաստի հետ: Հերթական անգամ Ռուսաստանը համոզվել է, որ Հայաստանը կարող է օգնել այն մարդկանց, որոնց անհրաժեշտ է օգնել՝ ի տարբերություն արևմտյան երկրներից շատերի: Ենթադրում եմ, որ հայկական օգնությունը կուղարկվի այն շրջաններ, որոնք զբաղեցված չեն իսլամիստների կողմից, ինչպես նաև հայկական համայնքներ: Այնպես որ, այստեղ միայն կարելի է մեծ շնորհակալություն հայտնել»,- ասել է արևելագետը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:
Փորձագետի կարծիքով՝ իրենց երախտագիտությունը Հայաստանի ղեկավարությանը կհայտնեն նաև սիրիական իշխաննությունները:
«Անկասկած, Սիրիայի ղեկավարությունը նման բաները չի մոռանում: Ինչ վերաբերում է Հայաստանի համար նշանակալիությանը, հասկանում եք, ցանկացած երկիր ինքն է մտածում՝ ինչպես դրսևորվել: Պատահական չէ, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում հայկական ղեկավարությունը (Ղարաբաղ) չի ոչնչացրել մզկիթները, իսկ Ադրբեջանի տարածքում ավերվել են և շարունակում են ավերվել հայկական մշակույթի, պատմության և քաղաքակրթության հուշարձանները՝ ինչպես Նախիջևանում, այնպես էլ դրա սահմաններից այն կողմ»,- ընդգծել է Սատանովսկին: