Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը
Փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԳ նախարարի և համանախագահների քննարկումների առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը: Համանախագահներին, մասնավորապես, հետաքրքրում էին հունվարին Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասները:
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ինչպես նաև կարգավորման գործընթացի համար նպաստավոր մթնոլորտի կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գործընթացի շրջանակներում հետագա քայլերի և հանդիպումների շուրջ: