System of a Down-ի քանդակի աշխատանքները գրեթե ավարտված են. (լուսանկարներ)
System of a Down-ի քանդակի ստեղծման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Այս մասին նշեց քանդակագործ Հայկ Թոքմաջյանը: Նա ասաց, որ կոմպոզիցիան արդեն օրիգինալ չափն ունի, քանդակագործը փորձել է պահպանել կոմպոզիցիոն լուծումը, չնայած այն ծավալների հետ, ու մանավանդ՝ չորս ֆիգուրների դեպքում, փոխվում է:
Թոքմաջյանի խոսքերով՝ գործընթացն արդեն ավարտին է մոտենում, այժմ քանդակի գիպսե տարբերակն է, հետո կաղապար են հանելու ու գիպսից տեղափոխվելու է բետոնի վրա: Դրանից հետո արդեն արձանը պիտի տեղափոխվի Սևանի ընդերք՝ ջրի տակ: Քանդակագործը ցանկություն ունի նախքան արձանի տեղափոխումը, այն ժամանակավորապես ցուցադրել երևանյան այգիներից մեկում, որ մարդիկ մոտենան, հաղորդակից լինեն այդ գործին:
Թե ինչքան ժամանակ այն կցուցադրվի դրսում, Թոքմաջյանը դժվարացավ ասել, նշեց, որ փորձելու են մի քիչ ավելի երկար պահել ցուցադրությունը: Քանդակագործի խոսքերով՝ արձանը բետոնից քանդակելու նպատակն այն է, որ միջավայրի համար վնասակար չլինի, առաջին հերթին բնությանը վնաս չտան:
«Ես հնարավորինս մոտենում եմ կերպարներին, բայց երբեմն տեղեր են գալիս, որ աշխատանքի ընթացքում անգամ մի տեսակ կարծես կերպարն ինքը թելադրի, ասի՝ պետք է անցնես այլ մոտեցման: Տղաների կերպարները բավական մեծ կոնտրաստային լուծումներ են պահանջում, այդ լուծումը կարող է լինել կոպիտ, նուրբ, դինամիկ, մեղմ, խորքային, այսինքն՝ այս պահանջներն արդեն մեծ գործի մեջ բացահայտ երևում են, դրանք շատ հետաքրքիր լուծում են ստացել: Ինձ համար դա իրոք հետաքրքիր է, ստեղծագործական պահ է, այդ պահը բավական հնարավորություն է տալիս աշխատելու»,- ասաց նա:
Թոքմաջյանն ասաց, որ այս էտապում աշխատանքը մոտավորապես 80 տոկոսով կատարված է, մի փոքր ավելի: Արձանախմբի չափերի մասին խոսելով՝ քանդակագործը նշեց, որ պատվանդանի բարձրությունը 2 մետր է, քանդակինը՝ միջինը 1,60 մ, քանի որ տարբեր կողմերում քանդակի բարձրությունը տարբեր է՝ 1,50-ից 1,70 մ: Նա ասաց՝ խնդիրն այն է, որ արձանախումբը տեսանելի լինի, Սևանա լճում տեղադրելիս պետք է այն ոչ շատ խոր տարածքում տեղադրել: Քանդակը ծանր կլինի, որովհետև այն նաև երկաթբետոնե կոնստրուկցիա է. ընդհանուր առմամբ մոտավորապես 1,5 տոննայի կարող է հասնել ծանրությունը:
Հարցին՝ Երևանում ցուցադրման համար քանդակը ե՞րբ պատրաստ կլինի, Թոքմաջյանը նշեց, որ դեռ աշխատում է, թեպետ կան հովանավորներ, որոնք ցանկություն ունեն օգնելու, բայց ցանկությունը մեկ բան է, այլ բան է, որ սկսեն աշխատել, միանգամից տեղափոխել կտորներով: Դա, ըստ քանդակագործի, ծախսային խնդիր է, որը, սակայն, լուծվող հարց է: Ամեն դեպքում, Թոքմաջյանը ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել աշխատանքը, որպեսզի մայիսի կեսերից կարողանան լճի ընդերքում տեղադրման հարցերը լուծել, որպեսզի ամռանը աշխատանքն ավարտված լինի: