Ադրբեջանում ձերբակալել են «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստներից մեկին
Ադրբեջանում ձերբակալել են «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Ռովշան Գուլիևին: Այս մասին հայտնել է Turan լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռովշան Գուլիևը ձերբակալվել է երեկ՝ փետրվարի 18-ին:
Կուսակցության ղեկավարն էլ հայտնել է, որ Գուլիևի բնակարանում խուզարկություն են կատարել, որի ընթացքում նաև առգրավվել է ակտիվիստի համակարգիչը:
Գուլիևի ընտանիքի անդամների վկայությամբ՝ ընդդիմադիր ակտիվիստը պահվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:
Հավելենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերին միավորող «Դեմոկրատական կուսակցությունների ազգային խորհուրդը» փետրվարի 23-ին Բաքվում բողոքի ցույց կանցկացնի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, որոնց թիվը, անկախ աղբյուրների գնահատականներով, ավելի քան 130 է:
Ալիևի վարչակազմը հերքում է պնդումները, թե տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ճաղերի հետևում են հայտնվել քաղաքական դրդապատճառներով: