Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետական պատվեր է եղել. Նազելի Վարդանյան
ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրին մասնակցող ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից 15 տարի է անցել։ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին 2012թ. արտահանձնեցին Ադրբեջան, որտեղ նրան հենց օդանավակայանում արդարացրին և կոչումների արժանացրին:
Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի պաշտպան Նազելի Վարդանյանը այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է, որ Մարգարյանի սպանությունը պետական պատվեր է եղել:
«Նրան անգամ ներում չեն շնորհել, այլ արդարացրել են՝ վճարել 8 տարվա աշխատավարձը, բնակարան նվիրել և բարձրացրել կոչումը, միաժամանակ, խախտվել է հենց Ադրբեջանի օրենսդրությունը: Ցմահ ազատազրկվածի ներումը կարող է փոխարինվել 20 տարվա ազատազրկմամբ, բայց ոչ անհապաղ ազատ արձակմամբ։ Այս ամենն անդրադարձել է նաև Ադրբեջանի միջազգային իմիջի վրա: Սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը պատասխանատվություն է կրում Սաֆարովի արարքների համար»,- ասել է Նազելի Վարդանյանը։