Նիկոլ Փաշինյանը Թումանյանի կյանքը նկարագրելիս հիշեց Հիսուս Քրիստոսին (տեսանյութ)
Ինչպես Հիսուս Քրիստոսը անդամալույժին ասել է՝ վեր կաց եւ քայլիր, Թումանյանն ինքն իրեն ասել է՝ վեր կաց եւ քայլիր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Դսեղում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառմանը իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտեց՝ Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին. «Թումանյանը գյուղացի մի պատանի, մի երիտասարդ, միջին, նույնիսկ կարելի է ասել աղքատ մի ընտանիքից, մի մարդ, որն ամբողջ կյանքում չի ունեցել բարեկեցության որեւէ ժամկետ։ Թումանյանին մենք այսօր պատկերացնում ենք որպես Արարատ, որպես անհաս մի բարձրություն, բայց նա մի մարդ էր, որը կրել է մարդկային բոլոր տառապանքները ու կյանքն ամեն անգամ փորձել է կոտրել նրան, փորձել է սպանել նրան, ցածրացնել կենցաղի մեջ, ռուբլու մեջ, մի կտոր հացի մեջ, իսկ Թումանյանը միայն իրեն հավատալով է հասել դրան, միայն կրթությանը հետեւելով, նույնիսկ կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել, դուրս է եկել, կիսատ է թողել կրթությունը, չարքաշ աշխատանքով է ապրել, չի ունեցել ոչ մի օգնություն, ընդհակառակը՝ ուրիշներն են իրենից օգնություն հայցել, նույնիսկ շատ դեպքերում դսեղցիներն են նեղացել՝ մտածելով, որ Թումանյանն աշխարհի բոլոր հնարավորություններն ունի, ահա այս ամեն ինչը ծանրացել է նրա ուսերին, նա չի կոտրվել, որովհետեւ հավատացել է իր ուժերին»,–նշեց վարչապետ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ այն ժամանակ, երբ թվում էր, թե Թումանյանը պիտի ծնկեր, չի ծնկել, վեր է կացել եւ քայլել. «Ինչպես Հիսուս Քրիստոսը անդամալույժին ասել է՝ վեր կաց եւ քայլիր, Թումանյանն ինքն իրեն ասել է՝ վեր կաց եւ քայլիր։ Նա վեր է կացել եւ քայլել, նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, նա ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց, նա հաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարավորություն, որովհետեւ նա ասելիք է ունեցել իր ժողովրդին եւ այդ ասելիքը եղել է մեկը՝ վեր կաց եւ քայլիր, մի՛ ծնկիր, մի՛ խեղճացիր, մի՛ նվաստացիր, մի՛ չարաչիր, մի՛ կասկածիր քեզ, քո ուժին, քո հայրենիքին, քո անցյալին ու ապագային, վեր կաց եւ քայլիր»։
Փաշինյանն էլ իրեն իրավունք վերապահեց բոլորին հորդորել վերկենալ եւ քայլել. «Եվ ես՝ որպես ՀՀ վարչապետ, այսօր ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց եւ քայլիր, դու պարտվող չես, դու մուրացիկ չես։ Թումանյանն ասում էր՝ ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, եկել է այդ արշալույսը, այսօրվա Հայաստանն է այդ հանուր կյանքի արշալույսը, դուք եք բերել այս արշալույսը եւ պետք է տեր կանգնեք այդ արշալույսին, ուրեմն վեր կացեք ու քայլեք եւ չխեղճանաք, դուք Թումանյանի սերունդն եք, դուք Թումանյանի ժողովուրդն եք, դուք Թումանյանի հայրենիքն եք, դուք Թումանյանի գիտակցություն ու ապագան եք։ Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում եւ ապրելու են ազատ եւ երջանիկ՝ Թումանյանի Հայաստանում»։