Թումանյանի ծննդավայրում մեծ տոնախմբություն է, վարչապետը ևս կժամանի Դսեղ. Արայիկ Հարությունյան. (տեսանյութ)
Թումանյանի 150-ամյակի առիթով Դսեղում է գտնվում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որը քիչ առաջ Facebook-ի ուղիղ եթերի միջոցով փոխանցել է, թե ինչ տոնական տրամադրություն է տիրում Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում:
«Ամբողջ գյուղում մեծ տոնախմբություն է, տարբեր անկյուններում բեմականացումներ են, մարդիկ գալիս են այս ուղղությամբ, շուտով վարչապետը կժամանի, մենք կշրջենք գյուղում, այնուհետև մեծ համերգ ենք նախատեսել Թումանյանի ծննդյան տոնի կապակցությամբ, Կապանի թատրոնն է այստեղ, բեմադրություններ են ներկայացնում տարբեր գյուղերից ժամանել են դպրոցականներ, սա նրանց տոնն է»,- տեղեկացրել է Հարությունյանը:
Նա հավելել է, որ սպասդում են մեծ միջոցառումների մեկնարկին, իսկ այդպիսիք այսօր սպասվում են հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, բոլորն են նշում մեծ բանաստեղծի ծննդյան տոնը:
«Վստահ եմ, որ մյուս քաղաքներում էլ են նշում, Երևանում մեկնարկել են, երեկոյան հրավառություն է լինելու: Կոչ եմ անում բոլորին մասնակցել, տարբեր տարիքի մարդիկ են մասնակցում, որովհետև Թումանյանը բոլորի համար է ստեղծագործել, ապրել ու արարել է բոլորի համար»,- ասել է նա: