Շվեյցարիայի դատարանը մերժել է Հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ քաղաքացիների բողոքը
Շվեյցարիայի դաշնային դատարանը մերժել է Ժնեւի քաղաքացիների բողոքը, որոնք հանդես են եկել անցյալ տարի քաղաքում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ։
Բնակիչները, մասնավորապես, բողոքել են, որ հուշարձանի տարածքը կարող է ցույցերի եւ նույնիսկ հայկական ու թուրքական համայնքների միջեւ վիճաբանությունների վայր դառնալ՝ հայտնում է Swissinfo-ն։
Ինչպես նշվում է հոդվածում, դատարանի որոշումը վերջ դրեց 2018թ․ ապրիլին բացված հուշարձանի շուրջը ստեղծված երկար պատմությանը։ Կառավարության համար դիվանագիտական գլխացավանք էին դարձել ոչ միայն հուշարձանի տարածքի հարցը, այլեւ Թուրքիայի առարկությունները։
Տրեմբլե այգում տեղադրված Les réverbères de la mémoire («Հիշատակի լապտերներ») հուշարձանի հեղինակը հայկական ծագմամբ ֆրանսիացի քանդակագործ Մելիք Օհանյանն է։ Բացման արարողությանը, մյուսներից բացի, ներկա էր Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը։