Ավելի քան 311 000 սիրիացի ներգաղթյալ Թուրքիայից վերադարձել է հայրենիք
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մինչ օրս Թուրքիայում ապաստանած սիրիացի ներգաղթյալներից հայրենիք են վերադարձել 311 968-ը, ներկայում Թուրքիայում շարունակում է գտնվել 3 մլն 644 հազ 342 սիրիացի ներգաղթյալ:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, նախարարը նաև տեղեկացրել է, որ այս տարվա առաջին 5 շաբաթում անօրինական ճանապարհով Թուրքիայի սահմանը փորձել է հատել 6 523 անօրինական ներգաղթյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում ապաստանած սիրիացի ներգաղթյալների թիվն անցել է 3,5 մլն-ը: Հայտնի է, որ ամենաշատ ներգաղթյալները գտնվում են Ստամբուլում և Սիրիային սահմանամերձ Քիլիս, Այնթապ, Ուրֆա և Հաթայ նահանգներում:
Անցյալ տարվա վերջին Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիայում ապաստանած սիրիացի ներգաղթյալները հայրենիք դժվար թե վերադառնան, ավելին՝ առաջիկայում նրանց թիվը կարող է անցնել 5 մլն-ը: