ՌԴ-ի հետ սոցիալական ոլորտի համագործակցության լայն հնարավորություններ կան. Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ իր առաջին դիվանագիտական հանդիպումն հենց ՌԴ դեսպանի հետ է՝ հաշվի առնելով երկու երկրների ընդհանուր անցյալը, բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը տարբեր ոլորտներում: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Ես համոզված եմ, որ մեր երկրների միջև համագործակցության և համատեղ աշխատանքի շատ լայն հնարավորություններ կան, որոնք մենք կարող ենք իրացնել՝ սոցիալական ապահովության, զբաղվածության, հավասար հնարավորությունների ստեղծման ոլորտում: Այդ իմաստով ուրախ կլինենք քննարկել համագործակցության կամայական հնարավորություն և, քանի որ մեր համակարգերը և հասարակությունները շատ հարցերում միանման իրավիճակներում են, դա մեզ թույլ կտա առավել ճկուն լինել»,- ասել է նախարարը:
ՌԴ դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարար Բաթոյանին՝ բարդ և պատասխանատու նշանակման կապակցությամբ, և հույս հայտնել, որ համագործակցության՝ նախարարի պատրաստակամությունը կարճ ժամանակ անց արդյունք կտա՝ կոնկրետ ծրագրերի շրջանակում համատեղ աշխատանքի տեսքով:
«Մենք շատ ուրախ ենք տեսնել ՌԴ-ի հետ սոցիալական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու Ձեր պատրաստակամությունը: Այդ համագործակցությունը թելադրված է հենց կյանքի կողմից՝ հաշվի առնելով ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների կամ թոշակառուների խնդիրները, որոնց մեր հյուպատոսական ներկայացուցչությունները բախվում են ամեն օր: Մեր երկու հասարակությունները սերտորեն կապված են սոցիալական ապահովության ոլորտի խնդիրներով: Այս համատեքստում սոցիալական ոլորտի համագործակցությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրների երկկողմ հարաբերություններում»,- ասել է դեսպանը:
Նախարար Բաթոյանը նշել է, որ երկու երկրների միջև սոցիալական ոլորտի համագործակցությունը պետք է համակարգային բնույթ կրի.
«ՌԴ տարբեր ֆոնդերի և կառույցների հետ ոլորտային բավականին սերտ համագործակցություն ունենք, այդ իսկ պատճառով կարևորում ենք նաև փորձի փոխանակումը: Մենք համոզված ենք, որ փորձի փոխանակման լավ օրինակ կարող է լինել հավասար հնարավորությունների ստեղծման ոլորտը, որտեղ բավականին լավ փորձ ունենք և կարող ենք մեր ներդրումն ունենալ»,- ասել է նախարարը:
Կողմերը կարևորել են նաև երկու երկրների համագործակցության որակապես նոր մակարդակը, որը պայմանավորված է ԵԱՏՄ անդամակցությամբ: ՌԴ դեսպանը նշել է, որ տնտեսական այս կառույցում Հայաստանի դերը խիստ կառուցողական է, իսկ սոցիալական ոլորտը կառույցի ինտեգրացիոն քաղաքականության կարևորագույն օղակներից է: