Դոնեցկում 3 պայթյուն է որոտացել. պատճառն ուկրաինական ուժայինների կողմից անօդաչու թռչող սարքերով հարձակումն է
Ուկրաինայի տարածքում գտնվող Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Դոնեցկ քաղաքում 3 պայթյուն է որոտացել, գրում է РИА Новости-ն՝ հանրապետության արտակարգ իրավիճակների և ներքին գործերի նախարարություններին հղումով:
Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ պայթյունները որոտացել են Դոնեցկի կենտրոնական Վորոշիլովսկի շրջանի այն թաղամասում, որտեղ գտնվում է ինքնահռչակ հանրապետության ղեկավարի նստավայրը:
Պայթյուններից 2-ը որոտացել են մի քանի հարյուր մետր հեռու այն հյուրանոցից, որտեղ գտնվել են ԵԱՀԿ մշտադիտարկման հատուկ առաքելության ներկայացուցիչները, 3-րդը՝ չբնակեցված տարածքում:
Պայթյունների հետևանքով զոհեր և տուժածներ չկան: Պայթյուններից մեկի վայրում էլեկտրոնային պայթուցիկի բեկոր է հայտնաբերվել:
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժային կառույցների ներկայացուցիչը հայտնել է, որ պայթյունների պատճառն ուկրաինական ուժայինների կողմից անօդաչու թռչող սարքերով հարձակումն է եղել: Նրա խոսքով՝ պայթյունների նպատակը կարող էր լինել ԵԱՀԿ առաքելության աշխատակիցներին վախեցնելն ու ԵԱՀԿ զինված առաքելության ծրագրի իրականացումը: