Արամ Ա կաթողիկոսը «Ասպետի կարգ» շքանշանով է պարգևատրել Տիգրան Մանսուրյանին
Կիրակնօրյա պատարագից հետո Արամ Ա կաթողիկոսը աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Մանսուրյանին պարգևատրել է «Ասպետի կարգ» շքանշանով:
Միջոցառման բացման խպոսքով հանդես է եկել խմբավար ու շվիահար Զաքար Քեշիշյանը, որը ներկայացրել է Տիգրան Մանսուրյան մարդուն ու արվեստագետին:
Քեշիշյանն ընդգծել է, որ Մանսուրյանի նորարար ու ժամանակակից երաժշտական լեզուն, լինելով համամարդկային, խորապես պահել է ազգայինը:
Ապա, նախքան շքանշանը հանձնելը, Նորի սրբությունը փոխանցել է իր պատգամը: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ ազգային արժեքները ժողովրդի գոյատևման երաշխիքն են, իսկ հայ ժողովրդի ծառայությանը լծված կառույցների կողքին, մեզնից յուրաքանչյուրն իր ճամփով ու տարբեր ձևերում լծված է այդ արժեքների տարածման:
Խոսքն ուղղելով Մանսուրյանին՝ հայրապետը նշել է, որ նա իր ողջ կյանքը նվիրել է երաժշտությանն ու նրա դասական և ժողովրդային ստեղծագործությունները հնչել են Հայաստանի և համաշխարհային բեմերից:
«Ձեր ստեղծագործություններով մեր ժողովրդի զավակներին և օտարներին եք փոխանցել հայի հարազատ ոգին և ամուր հավատքը, հայի խոր տառապանքն ու հրաշափառ վերածնունդը»,-ասել է հայրապետն ու շարունակել՝ ասելով, թե գիտենք, որ Մանսուրյանն իր կյանքի այս հանգրվանում դեռ ձգտում է նոր ստեղծագործություններով հարստացնել իր երաժշտական ժառանգությունը:
Ավարտին, Վեհափառ Հայրապետն աղոթել է ու քաջառողջություն և նորանոր հաջողություններ է մաղթել Մանսուրյանին:
Երաժիշտն, ի պատասխան երախտագիտություն է հայտնել Նորին Սրբությանն ու ասել, որ այս շքանշանն իրեն մղելու է վերսկսել իր ստեղծագործելու թափը: