Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներն այնպես են կազմակերպված լինելու, որ այցելուներից ոչ մեկն անմասն չմնա
Հովհաննես Թումանյանի թանգարանում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը՝ իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Այնուհետև ներկայացվել է, թե վաղը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ինչ միջոցառումներ են ընթանալու:
«Ամբողջ օրվա ընթացքում՝ մինչև 17:00-ն, թանգարանի դրսում և ներսում կլինի մի հրաշք տոնական տրամադրություն: Թանգարանի ներսը կլինի հեքիաթային աշխարհ, դղյակ, իսկ դրսում կլինեն համերգային ծրագրեր: Մեր հանրությանը պիտի հրավիրենք վաղն ամբողջ օրն ակտիվ լինել Թումանյանի թանգարանում: Միջոցառումների շարքը՝ ներսի հատվածում. մեր երկու հարկը դառնալու է թումանյանական աշխարհ, կենդանի էքսպոզիցիայի տեսքով: Սա առաջին փորձն է Հայաստանում՝ կենդանացնելու էքսպոզիցիան»,- ասաց Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը:
Նա նշեց, որ միջոցառումներն այնպես են կազմակերպված լինելու, որ այցելուներից ոչ մեկը դրանցից անմասն չմնա:
«Երեկոյան ունենք գեղեցիկ թանգարանային միջավայրին հարմարեցված «Անուշ» օպերա: Քանի որ մուտքը հրավիրատոմսերով է, ռեժիսորի հետ համաձայնություն ունենք, որ դա պարբերաբար կրկնվի թանգարանում, որպեսզի մեր հասարակությունը ևս անմասն չմնա այդ միջոցառումից»,-ասաց նա:
Օրը կավարտվի հրավառությամբ: