Դատախազությունը հրապարակել է Հարություն Մաշադյանի զինգրքույկի լուսանկարները
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հրապարակել է դատախազ Հարություն Մաշադյանի զինվորական ծառայություն անցնելու լուսանկարները:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքով, ընդ որում՝ ինչպես գործողի, այնպես էլ 2018թ. ապրիլին ուժը կորցրած ճանաչվածի պարագայում, անկախ նրանից՝ խոսքը, այսպես ասած՝ քաղաքացիական, թե զինվորական ոլորտի դատախազներին է վերաբերում, սահմանվում է, որ դատախազի պաշտոն չի կարող զբաղեցնել այն անձը, որ չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով: Հրապարակում եմ Հարություն Մաշադյանի՝ զինվորական ծառայություն անցնելու լուսանկարները նաև զինգրքույկից, հատկապես նրանց համար, ովքեր անվստահությամբ էին փորձում մոտենալ ՀՀ դատախազության կողմից երեկ հրապարակված պաշտոնական հաղորդագրության այդ հատվածին:
Որպես հետգրություն էլ ասեմ, որ Հ. Մաշադյանը 12 ամյա դպրոց չի ավարտել և կրտսեր դասարաններում սովորելիս թռիչքային տեղափոխություն է ունեցել»,- գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը:
Հիշեցնենք, որ օրերս լուրեր էին պտտվում այն մասին, որ Հարություն Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ՝ այն դեպքում, երբ նախկինում չի անցել զինվորական ծառայություն: