Ասադն Էրդողանին անվանել է «Ամերիկայի փոքր ծառա»
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ սիրիական սահմանադրական հանձնաժողովի երկրորդ կեսն ընդդիմությունից ներկայացնում է ոչ թե սիրիական ժողովրդի, այլ Թուրքիայի տեսակետը:
Սիրիացի առաջնորդի խոսքով՝ Սիրիայի կառավարության ներկայացուցիչները հանձնաժողովում ներկայացնում են սիրիական պետության և սիրիացի ժողովրդի մեծամասնության տեսակետը:
«Կա մյուս կողմը, որը պետք է ներկայացնի սիրիացի ժողովրդի այն հատվածին, որը համաձայն չէ պետության տեսակետի հետ: Սակայն, ինչպես գիտեք, այդ կողմը ներկայացնում է թուրքական պետությունը: Նրանք չեն ներկայացնում ո՛չ իրենց, ո՛չ սիրիացի ժողովրդին: Հարց՝ արդյո՞ք մենք այդ հանձնաժողովում քննարկում ենք սիրիական սահմանադրությունը, թե թուրքական», - РИА Новости-ն մեջբերում է Ասադի ելույթը, որով նա հանդես է եկել տեղի քաղաքային խորհուրդների առաջ:
Սիրիացի նախագահն իր ելույթում թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «Ամերիկայի փոքր ծառա»:
Սիրիայի սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը կայացվել է սիրիական ազգային երկխոսության համաժողովում, որը 2018-ի հունվարին կայացել էր Սոչիում:
Ասադն ընդգծել է, որ Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունները, որոնք մեկնարկել էին 2012-ին, հաջողության չհասան Սիրիայի թշնամի երկրների քաղաքականության պատճառով: