Հայտնի են Եվրոպայի ամենաաղմկոտ և անաղմուկ մայրաքաղաքները
Աղմուկն իր հետքն է թողնում Փարիզի, Հռոմի եւ Լոնդոնի բնակիչների վրա ավելի պակաս, քան այլ եվրոպական մայրաքաղաքների բնակիչների շրջանում: Այդ մասին ասվում է Շրջակա միջավայրի պաշտպանության եվրոպական գործակալության (EEA) զեկույցում, որը նվիրված է առողջության վրա արտաքին միջավայրի ազդեցության ուսումնասիրմանը, հաղորդում է Риа новости-ն՝ հղում կատարելով «Եվրո Պուլս»-ին:
Հետազոտողները հաշվարկել են՝ որքան տարի են «կորցնում» մայրաքաղաքների բնակիչները աղմուկից առաջացած խնդիրների պատճառով: Դրանց թվում՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն են, անքնությունն ու սթրեսի բարձր մակարդակը:
Խնդրի լրջության աստիճանը կոնկրետ քաղաքում չափելու համար մասնագետներն ուսումնասիրել են աղմուկի հետեւանքով առաջացած հիվանդությունների տեւողությունը 100 հազար մարդկանց մոտ: Պարզվել է, որ աղմուկի պատճառով Փարիզում յուրաքանչյուր 100 հազար բնակիչների կյանքին ավելանում է հիվանդության հավելյալ 20 տարի, 30 տարի՝ Հռոմում, 35 տարի՝ Լոնդոնում: Աղմուկի պատճառով ամենից շատ կորցնում են առողջությունը Սոֆյայի բնակիչները (ընդհանուր առմամբ 610 տարի 100 հազար բնակիչների կտրվածքով):
Առողջության վրա աղմուկի ազդեցությունը ոչ միշտ է ուղղակիորն կապված քաղաքում աղմուկի օբյեկտիվ մակարդակի հետ: Այսպես, ըստ ավելի վաղ անցկացված հետազոտության, ԵՄ-ի ամենաանաղմուկ մայրաքաղաքը Վիեննան է, սակայն դրա բնակիչները միեւնույն է տառապում են աղմուկից ավելի շատ, քան Փարիզի բնակիչները (ընդհանուր առմամբ 85 տարի յուրաքանչյուր 100 հազար բնակչի համար): Դա կախված է աղմուկի աղբյուրների տեղակայման հետ. որքան ավելի շատ է մարդն անդադար գտնվում դրա ազդեցության տակ, այնքան մեծանում է հավանականությունը, որ դա կանդրադառնա նրա ինքնազգացողության վրա: Վտանգի գոտում են, օրինակ, շինհրապարակների, աղմկոտ մայրուղիների կամ ձեռնարկությունների մոտակայքում գտնվող գրասենյակների աշխատակիցները, եթե անգամ այդ աղբյուրները քաղաքում փոքրաթիվ են: