Գերմանիայի կենսական կարևորություն ունեցող օբյեկտների վրա կիբերհարձակումները հաճախացել են
Ըստ գերմանական հատուկ ծառայությունների տվյալների՝ երկրում զգալիորեն ավելացել են կենսական կարեւորություն ունեցող ենթակառուցվածքների վրա հաքերների
հարձակումների քանակն ու ծավալները, հաղորդում է DW-ն՝ հղում կատարելով Die Welt-ին, որն ունի Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության հարցերով դաշնային վարչության (BSI) չհրապարակված վիճակագրությունը:
Հանցագործների հիմնական նպատակը սաբոտաժն է՝ բնակչությանը ջրով եւ
էլեկտրաէներգիայով ապահովելու համար խոչընդոտներ ստեղծելը, հաղորդակցման
համակարգերը վնասելը եւ այլ առօրյա գործողությունները խախտելը: Գերմանիայի
անվտանգության ծառայությունները գտնում են, որ այդ կիբերհարձակումները
հաճախ կազմակերպվում են արտասահմանյան գաղտնի ծառայությունների կողմից:
2018 թվականի երկրորդ կեսում BSI-ն պարզել էր կարեւոր ենթակառուցվածքների համակարգերի վրա 157 հարձակումների մասին, որոնցից 19-ը ուղղված էին էլեկտրամատակարարման ցանցին: Ի տարբերություն 2017 թվականի՝ հարձակումները զգալիորեն աճել են. 12 ամիսների ընթացքում վարչությունը կիբերհարձակումների վերաբերյալ 145 ահազանգ էր ստացել, մինչդեռ 2016 թվականին դրանց թիվը կազմում էր 34: Ընդ որում՝ փորձագետները շեշտում են, որ իրականում այդ թիվն ավելին է, քանի որ բազմաթիվ հաքերական հարձակումների կամ դրանց փորձերի մասին տեղեկատվությունը հաճախ չի բարձրաձայնվում պրովայդերների կողմից, որոնք անհանգստանում են իրենց հեղինակության համար:
Գերմանիայում կրիտիկական ենթակառուցվածքներից են էներգետիկայի, տեղեկատվության եւ հեռուստահաղորդակցման, տրանսպորտի, առողջապահության,
ջրամատակարարման, սննդի, ֆինանսների եւ ապահովագրության, պետական եւ
տեղական կառավարման, ԶԼՄ-ների եւ մշակույթի ոլորտի կազմակերպությունները:
Գերմանիայի կառավարությունը մտադիր է ստեղծել կիբերանվտանգության
գործակալություն Լայպցիգ-Գալլե շրջանում երկրում կենսական կարեւորություն ունեցող ենթակառուցվածքների վրա հաքերական հարձակումները բացահայտելու եւ կանխելու համար: