Ադրբեջանում երկրորդ ցեխային հրաբուխն է ժայթքել մի քանի օրում
Մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանում արդեն երկրորդ անգամ ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունենում։ Փետրվարի 13-ին առաջին ժայթքումից հետո այսօր արդեն երկրորդ դեպքն է գրանցվել երկրի Շամախիի շրջանում։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները։
Ցեխային հրաբխի ժայթքումը, ըստ ադրբեջանական մամուլի, որևէ վնաս չի պատճառել։ Սակայն ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այս և նախորդ ժայթքումները կապված են ամսվա սկզբին նույն շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետ։ Ըստ այդ բացատրության՝ ստորգետնյա սալերի շարժերի պատճառով փոխվում են նաև ցեխային հրաբուխների ներքին կառուցվածքներն ու նոր ժայթքման ուղիներ են բացվում դրանց համար, ինչի արդյունքում կարելի է սպասել նաև նոր ժայթքումների։
Հիշեցնենք, որ նախորդ ժայթքումը եղել է փետրվարի 13-ին։ Ցեխի սյունը նետվել է մինչև 5-6 մետր բարձրության վրա, իսկ դրա հետևանքով արտազատված նյութերը տարածվել են մինչև 1000-1500 մետր հեռավորության վրա։ Ցեխային հրաբուխն ակտիվացել է բնակավայրից ընդամենը 150 մետր հեռավորության վրա՝ արոտավայրի հատվածում։
Մինչ այդ էլ՝ փետրվարի 5-ին, ՀՀ ԱԻՆ սեյսմոլոգներն արձանագրել են, որ Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտքում օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:
Դրան նախորդել են հենց Արցախի հյուսիսում 3-ին ու 4-ին տեղի ունեցած ավելի թույլ երկրաշարժեր։