Հայաստանի և Բելառուսի փորձագիտական շրջանակները ցանկանում են տնտեսական կապերի ընդլայնման հետազոտություն սկսել. (տեսանյութ)
Եվրասիական փորձագիտական ակումբը Հայաստանի ու Բելառուսի միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելուն միտված երկկողմ փորձագիտական հետազոտություն կսկսի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 16-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«2019թ. Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ստանձնել է նախագահությունը: Այս տարին պետք է օգտագործել ամբողջությամբ՝ մեր երկրի շահերը ԵԱՏՄ-ում և դրանից դուրս ներկայացնելու համար:
Մեր բելառուս գործընկերների հետ պայմանավորվել ենք փորձագիտական հետազոտություն սկսել՝ Հայաստան-Բելառուս տնտեսական և քաղաքական կապերի լայնամասշտաբ զարգացման համար, որը հնարավորություն կտա, օրինակ` Բելառուսի պետական մարմիններին, պետական ներդրումների մասնակցությամբ ներդրումային ընկերություններ ստեղծել` հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները մի նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց Սաֆարյանը:
Ակումբի անդամները կոչ են անում ՀՀ իշխանություններին մշակել այս ուղղությամբ իրականացվելիք քայլերի ռազմավարական ծրագիր: