Մոսկվայում ադրբեջանցիների և չեչենների միջև զանգվածային ծեծկռտուքի հարցով համայնքների ներկայացուցիչների միջև հանդիպում է կայացել. (տեսանյութ)
Օրերս Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ադրբեջանցիների և չեչենների միջև առաջացած կոնֆլիկտն ամբողջությամբ հարթվել է, գրում է AZRU գործակալությունը:
Այդ մասին գործակալությանը հայտնել է ադրբեջանական և չեչենական համայնքների ներկայացուցիչների ու հեղինակություն վայելող անձանց միջև կայացած հանդիպմանը ներկա գտնված անձանցից մեկը, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:
Կայքը գրում է, որ «որոշ սադրիչներ փորձել են սովորական քրեական դեպքը ազգամիջյան կոնֆլիկտի վերածել»:
Հարթակը ներկայացրել է միջադեպի իր տարբերակը, ըստ որի՝ իբր չեչեններից մեկը վիրավորել է ոմն ադրբեջանցու և ողջ ադրբեջանցի ազգին, ինչն էլ դրդել է ադրբեջանցիների խմբին ծեծի ենթարկել չեչենին, ինչից հետո վիրտուալ հարթակում հայտնվել է ոմն Մանսուր, որը ներկայացել է որպես բոլոր չեչենների առաջնորդ և հրաման է արձակել ոչնչացնելու բոլոր ադրբեջանցիներին: Ըստ գործակալության՝ դրանից էլ սկսվել է ամեն ինչ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, չեչենների մոտ 100 հոգանոց խումբը ժամանել է Մոսկվայի ռեստորաններից մեկը, որի տերն ադրբեջանցի է, և, խնդրելով իգական սեռի ներկայացուցիչներին դուրս գալ տարածքից, զանգվածային հարձակում սկսել, ընդ որում՝ հրազենի կիրառմամբ:
Մոսկվայի ոստիկանությունը հերքել է լուրը, թե կոնֆլիկտին մասնակցել է մոտ 100 մարդ: Ըստ իրավապահ մարմինների՝ դրան մասնակցել է 20 մարդ, որոնցից 18-ը տարվել են ոստիկանական բաժանմունք:
Հաղորդվում է, որ ռեստորանի տերը՝ Յաշար Ալիևն «իր տղաների» հետ ծեծի էր ենթարկել չեչենական համայնքի ներկայացուցիչներից մեկին: Չեչենական համայնքի նման գործողություններն էլ վրեժխնդրություն են եղել այդ միջադեպի համար:
Նշվում է, որ չեչենները հասցրել էին տանել իրենց հետ անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները: