Գյումրու դրամատիկական թատրոնը Լոս Անջելեսում խաղացել է թվով 4 ներկայացում՝ նախատեսված 2-ի փոխարեն
Այսօր Գյումրու Վ․Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է մամուլի ասուլիս՝ նվիրված Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուրախաղերին, ինչպես նաև թատրոնի առաջիկա ծրագրերին և անելիքներին։
Ինչպես նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժամանակավոր
պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանը, 18 օր տևած շրջագայության ընթացքում
Գյումրու դրամատիկական թատրոնը Լոս Անջելեսի «Լանթերման Աուդիտորիում»
սրահում խաղացել է թվով 4 ներկայացում՝ նախատեսված 2-ի փոխարեն։
«Հունվարի 25-ից փետրվարի 11-ը Լոս Անջելեսի Global Arts և Levon Travel ընկերության հրավերով մեր խումբը «Հարսանիք թիկունքում» հյուրախաղային ներկայացումով հանդես եկավ Լոս Անջելեսի «Լանթերման Աուդիտորիում» սրահում։ Հյուրախաղային 4 ներկայացումներից մեկը համարվեց հատուկ նշանակության, քանի որ ներկայացման հանդիսատեսներն էին Լոս Անջելեսի հայկական վարժարանների սաները, և շուրջ 800 սփյուռքահայ պատանիներ մեծ ուշադրությամբ և ոգևորությամբ դիտեցին ներկայացումը։ Ապրիլյան քառօրյայի մասին պատմող ներկայացման հանդիսատեսների շարքերում էին նաև Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, գյումրեցի նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազը, ապրիլյան քառօրյայի հերոս Արման Ավետիսյանը, գյումրեցի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ինչպես նաև արվեստի ու մշակույթի գործիչներ։ Ոգևորությամբ պետք է նշեմ, որ Գյումրու դրամատիկականի այս հյուրախաղերը գնահատվեցին որպես նշանակալի քայլ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման գործում», – նշել է
Լ․Հարությունյանը։
ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանն էլ ավելացրել է, որ Գյումրու թատրոնի լոսանջելեսյան հյուրախաղերը նշանակալի երևույթ էին տեղի հայ համայնքի մշակութային կյանքում, որտեղ նրանք արժանացել են ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի։
«Պետք է ասեմ, որ մենք մեկնեցինք մի երկիր, որտեղ հայերն ամենաշատն են։ Չգիտես ինչու, ես մտածում էի, որ այնտեղ ապրող հայերն իրենց կարոտի զգացողությունն արդեն կորցրած կլինեն, բայց ի զարմանս մեզ, չգտնվեց մի գյումրեցի, որն իր անմնացորդ սերն ու կարոտը չարտահայտեր մեր ստեղծագործական խմբին։ Լոս Անջելեսում մենք հանդիպեցինք նաև մեր գյումրեցի սիրելի դերասաններին, ովքեր արդեն երկար տարիներ է, ինչ ապրում են Միացյալ Նահանգներում»,- նշել է Ս․ Բաղդասարյանը։