Իսպանիայում թմրավաճառներից ավելի քան 3 տոննա կոկաին են բռնագրավել
Իսպանիայի իրավապահ մարմինները 3,3 տոննա կոկաին են բռնագրավել եւ կանխել են Հարավային Ամերիկայից երկիր թմրանյութեր ներկրող հանցավոր խմբավորման
գործունեությունը: Այս մասին նշվում է Իսպանիայի ոստիկանության մամուլի
հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ նավը, որով կոկաին է տեղափոխվել, հունվարի 30-ի առավոտյան երկրի ափերից քիչ հեռու կասեցվել է Պորտուգալիայի անվտանգության ուժերի կողմից: Նավը ուղեկցել են Սետուբուլ քաղաքի նավահանգիստ, որտեղ այն արդեն սպասել են հետաքննությամբ զբաղվող Իսպանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները:
Գործողության ընթացքում ձերբակալվել է 11 մարդ, որոնց թվում եղել է Ուկրաինայի 8 քաղաքացի, մեկ վրացի, հոլանդացի եւ ֆրանսիացի: Նշվում է, որ գործողությունը սկսվել է 2017-ի նոյեմբերին թմրանյութերի դեմ պայքարի ծառայությունների միջեւ տեղեկատվության փոխանակումից հետո:
Քննիչներին հայտնի է դարձել միջազգային կազմակերպության մասին, որը օվկիանոսով թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է տեղափոխել: